Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Հայաստանը ժպտում է աշխարհին ամենատխուր հայի՝ Ֆրունզիկ Մկրտչյանի ժպիտով»

«Հայաստանը ժպտում է աշխարհին ամենատխուր հայի՝ Ֆրունզիկ Մկրտչյանի ժպիտով»
04.07.2024 | 21:19

Իր 70-ամյակին Չարլի Չապլինը մի ճառ է արտասանել, որից մի միտք եմ ուզում մեջբերել․

«Երբ ես ինձ սիրեցի, ես պարզ հասկացա, որ իմ ցավն ու տառապանքը՝ դա միայն նախազգուշացում էր ինձ այն մասին, որ ես ինչ-որ բան անում եմ սեփական ճշմարտության դեմ։ Հիմա ես արդեն գիտեմ, որ դա պարզապես կոչվում է՝ լինել այնպիսին, ինչպիսին, որ կաք»։

Այս ճշմարտությունը մարդկությանն ավանդել է նաև հնդիկ փիլիսոփա Օշո Ռաջնիշը։

Հանճարեղ միտք է, որ անհնրաժեշտ է բոլորին և բոլոր դարերում, բայց բոլորի՞ն է արդյոք տրված մարդկային այս մեծագույն շնորհը:

Մեր Ֆրու՜նզը․․․

Ծանր օրեր ենք ապրում, բայց մի բան թեթևացնում է այդ ծանրությունը․ ֆեյսբուքյան էջերից այսօր մեզ է նայում մեծ արտիստի՝ բոլորին սիրելի Ֆրունզի մշտաժպիտ դեմքը: Համոզված եմ, որ նրան ճանաչողների մեծ մասն է մտածել ու խոստովանել ինքն իրեն, որ երբեք չի տեսել, որ մեծ քիթն ու արևի նման ջերմություն ճառագող ժպիտն այնքան ներդաշնակ ամբողջություն կազմեն հոմերյան ծիծաղ ամփոփող դեմքի վրա․․․

Բայց տեսեք ինչ է ասել արտիստն իր մասին մի առիթով․

«Դեռ մանկուց ինձ առավել անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու՛ է իմ քիթն այդքան մեծ, այլ այն, թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր»։

ՈՒշադիր նայեք դեմքին։ Նրա ժպիտն ասես նման է զսպված և ուր որ է պայթող քրքիջի․ այդ քրքիջը կարծես քամահրանք է՝ նետված իրեն բաժին հասած դառը ճակատագրին։ Նա ասում է․

«Ժողովու՜րդ, վերջացա՜վ․․․»։

Հիմա կասեք՝ գժվեցի՞ր, ի՞նչը վերջացավ։

Իսկ ես ասում եմ․ բա՛վ է տխրեք․ մեզ չեն կարող ընկճել ո՛չ թագավարակը, ո՛չ պարտադրված պատերազմը, ո՛չ էլ մեկը մյուսի հետևից մեզ վրա մատ թափ տվող մյուս մարտահրավերները:

Մեր տեսածն ու ապրածն այնքա՜ն շատ են, որ այլևս ոչնչի վրա չպիտի զարմանանք և առավել ևս՝ ոչնչից չպիտի վախենանք։ Սա, հավատացեք, իրողություն է՝ երբ վերջանում է ամեն հնարավորը, ծնվում է նաև անհնարը։ Այսպես․ ծիծաղը նույնպես կարող է հաղթել վշտին։ Սա ասում է ձեզ երկրաշարժ տեսած գյումրեցին․ մահն անգամ վախենում է ամեն ցավ ու արհավիրք տեսած մարդու քրքիջից։ Բայց ես՝ ի՞նչ, երբ ինձանից առաջ նույն բանը սեփական կյանքով ապացուցել է Մեծ Գյումրեցին, որ երկրաշարժից զատ՝ մի ուրիշ երկրաշարժ էլ իր հոգում է ապրել։ Չե՞ք հավատում՝ հարցրեք նրան` Ֆրունզին։ Զուր չէ, որ նրան ուրախ- տխուր մարդ էին անվանում։

Ո՞վ է Ֆրունզիկ Մկրտչյանը․․․ Երկար չեմ պատմի նրա մասին։ Դրա հարկն էլ չկա, որովհետև այսօր օդը հագեցած է նրանով։ Լսում ու կարդում ենք նրա մասին, կլանում ենք հազար անգամ իմացած ու չիմացած նորը ու էլի չենք հագենում։ Ազատորե՛ն շնչեք նրան, ապրե՛ք նրանով և․․․առանց դիմակի․ Ֆրունզը դիմակ չէր սիրում։ «Նա դեմքին երբեք դիմակ չդրեց․․․Դեմքը դիմակ չընդունեց» (Սարո Գյումրեցի)։

«.... Հայ թատրոնի առեղծվածներից մեկը .... Զարմանահրաշ արտիստ: Նա այն գյումրեցին էր, որ իր մեջ պարփակեց Շերամի վառվող ջիգյարը, Իսահակյանի պոեզիայի խորությունը, Շիրազի ժայթքող սիրտը, Մինասի խիտ ու անսպասելի գույները, Արփաչայի հավերժությունը․․․» (Երվանդ Ղազանչյան)։

Շարունակե՞մ․

Այս ուրախ-տխուր մարդուն

Հայոց սուրբ արգանդն է երկնել,

Բայց որին հաղթական երթում

Չար բախտը հաճախ է հեգնել։

Հայրական տան մեջ է իր պարզ՝

Հանճարը աննկատ ծաղկել,

Եվ ինքն է իր ձիրքով անհաս

Տիրատուր տաղանդը հղկել։

Նա դուրս էր միշտ պարականոն

Պտույտից մարդկային կյանքի․

Չէր սիրում կարկին ու քանոն․

Անչափ էր ու անպարագիր։

ՈՒ հետո բացվել էին դռնե՜ր,

Ծափերից բեմե՜ր էին ցնցվել,

ՈՒ նրա համբավը հառնել,

Երկրից երկիր էր թևածել։

Նա մարդկանց ժպիտ էր շռայլել,

Ծիծաղ էր կորզել նրանցից,

Հայացքը լույսով էր փայլել,

Բայց սրտում վիշտ էր ու թախիծ։

Ֆրունզը շատ խորն էր «խրվել»․

Ո՛չ իրենն ու ո՛չ էլ մերն էր,

Նա այնքան էր ՄԱՐԴՈՒՆ տրվել,

Որ անգամ անձնագիր չուներ։

Բայց նա իրեն էր քանդակել,

Ինքն իրեն հաղթել էր մարտում,

ՈՒ սիրով հավերժին կտակել

Այդ ուրախ-տխուր ՄԱՐԴՈՒՆ։

Սա էլ Հասմիկ Վարոսյանի սրտի խոսքը իր համաքաղաքացի արտիստին։

Եվ իսկապես, մեծ է արվեստի ուժը, արվեստը ոգևորում, ոգեկոչում, հոգևոր սնունդ է տալիս մարդուն, հավատ ներշնչում սեփական ուժերի ու ապագայի հանդեպ, կրթում ու դաստիարակում է նրան։Ահա թե ինչ է գրում այդ մասին մեծահռչակ արտիստ Սոս Սարգսյանը։

«Պատերազմի ժամանակ Չերչիլին բերեցին հաստատելու երկրի բյուջեի նախագիծը։ Փաստաթուղթը երկար թերթելուց ու ծանոթանալուց հետո, նա հարցրեց.

-Իսկ որտե՞ղ են մշակույթի համար նախատեսված ծախսերը։

-Բայց պատերազմ է, պարո՛ն վարչապետ, ի՞նչ մշակույթ։

-Եթե չկա մշակույթ, ապա ինչի՞ համար ենք մենք պատերազմում,- զարմացավ Չերչիլը»։

Իսկ Մհեր Մկրտչյանը մշակույթ էր ինքն իրենով` պատրաստի, ինքնաբուխ, և ժողովուրդը սիրում ու գնահատում էր նրան, խոնարհվում նրա տաղանդի առաջ։

«Այնպես, ինչպես սիրել են Ֆրունզիկին Երևանում, չեն սիրել ոչ մեկին,- ասում են դերասանի ընկերները: Եվ մինչև այժմ լեռների երկրում, ամենուրեք՝ աշխատասենյակներում, խանութներում, շուկաներում, կոշկակարի արհեստանոցներում, կախված են նրա նկարները: Հայաստանը ժպտում է աշխարհին ամենատխուր հայի՝ Ֆրունզիկ Մկրտչյանի ժպիտով»:

Ես կավելացնեի՝ ո՛չ միայն Երևանում (նախանձեցի) և ո՛չ միայն լեռների երկրում։ Ֆրունզի մեծության համար դա չափազանց նեղ է։ Նա իրեն ճանաչող ամեն մեկինն էր առանձին-առանձին, և դա հաստատում է հենց ինքը՝ արտիստը․

«Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են։ Բայց դա նրանից է, որ ես էլ նրանց եմ սիրում, բոլորին՝ մեկ առ մեկ»։

Վերջում ավարտեմ գյումրեցու խոստովանությամբ․

«Գուկա ժամանակ՝ մենք ոչ մեգս չենկ էղնի, բայց Մհերը կէղնի» (Ռուբեն Գասպարյան՝ Ղուրբան)։

Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ

04․ 07․ 2024 թ․

Դիտվել է՝ 12332

Մեկնաբանություններ